Ստամբուլի ժամանակակից արվեստի 14-րդ բիենալեում Հայկական ծրագրի շնորհանդեսը դարձավ բիենալեի բացման նշանակալի իրադարձություններից մեկը: Ծրագրի գլխավոր հովանավորն էր «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի Dilijan Art Initiative նախագիծը:
Ստամբուլի 14-րդ բիենալեի շրջանակում Հայկական ծրագրի ներկայացման գաղափարը պատկանում էր բիենալեի համակարգող Քերոլին Քրիստով-Բակարգիևին, ով շնորհանդեսի ժամանակ ընդգծեց Թուրքիայում հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ քննարկումների կարևորությունն ու արդիականությունը:
Dilijan Art Initiative նախագծի աջակցությամբ Քերոլին Քրիստով-Բակարգիևը միավորել էր ինչպես հայ եւ թուրք, այնպես էլ հայկական սփյուռքից և ամբողջ աշխարհից նկարիչների, ովքեր իրենց աշխատանքներում արծարծել են Հայոց ցեղասպանության թեման:
«Dilijan Art Initiative-ի աջակցությունը մեզ հնարավորություն տվեց բիենալեում ներկայացնել Հայոց ցեղասպանության սարսափներն ապրած՝ աբստրակտ իմպրեսիոնիզմի հիմնադիր Արշիլ Գորկու, մեդեռնիստ և աբստրակցիոնիզմում նոր ձևեր ստեղծող, լիբանանցի նկարիչ Փոլ Գիրակոսյանի (ում մայրը նույնպես փախչել էր արհավիրքներից) գործերը, ինչպես նաև հրաշալի քանդակագործ Սոնա Բալասանյանի
աշխատանքներն ու Աննա Բողիգյանի փիլիսոփայական ինստալացիաները»,-շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Քրիստով-Բակարգիևը:
Dilijan Art Initiative նախագիծը հովանավորել է ոչ միայն հայազգի նկարիչների: «Մենք նացիոնալիստներ չենք, մենք ինտերնացիոնալիստներ ենք, ընդգրկում ենք ողջ Տիեզերքը: Dilijan Art Initiative նախագծի աջակցությամբ ստեղծվել է Ֆրանսիս Ալիսի «Անիի լռությունը» սեւ-սպիտակ հրաշալի ֆիլմը, Մայքլ Ռակովիցի և Քրիստինա Բուխի բարդ ինստալացիաները»,-նշել է բիենալեի համակարգողը:
Dilijan Art Initiative-ը IDeA հիմնադրամի նոր նախագիծն է, որի նպատակը Դիլիջան քաղաքի՝ որպես մշակութային եւ կրթական կենտրոնի զարգացմանը նպաստելն է: Նախագծի իրականացման մեկնարկը նախատեսվում է 2016 թվականից: Այն ենթադրում է մի շարք հարթակների ստեղծում, որոնք ոգեշնչող ազդեցություն կունենան գիտական և ստեղծագործական հետազոտությունների համար՝ շեշտը դնելով Արևմուտքի եւ Արևելքի միջմշակութային երկխոսության վրա:
Նկարիչներին, արվեստագետներին եւ հյուրերին նախագիծը ներկայացրեցին արտ-համակարգող Վադիմ Գրիգորյանն ու IDeA հիմնադրամի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը:
«Արվեստի յուրօրինակ լեզուն հասկանալի է ողջ աշխարհի մարդկությանը: Մենք հավատում ենք միջմշակութային երկխոսության կարևորությանը: Դիլիջանում, օրինակ, 2014 թվականից գործում է UWC Dilijan College-ը, որտեղ սովորում են ուսանողներ աշխարհի 64 երկրից եւ որն արդեն ինտերնացիոնալ փոխգործակցության հարթակ է հանդիսանում: Dilijan Art Initiative նախագիծը համընդհանուր փոխըմբռնման խորացմանն ուղղված եւս մեկ հարթակ կդառնա»,-հայտարարել է Վերոնիկա Զոնաբենդը:
Ստամբուլի 14-րդ բիենալեն կգործի մինչև 2015 նոյեմբերի 1-ը: